01 Հունիս 2013, 11:44
2438 |

Մաս երրորդ

Շենգավիթ համայնքի մասը կազմող Երրորդ մասը Երևանի ամենայուրահատուկ պատմություն ու միջավայր ունեցող թաղերից մեկն է: Անպատրաստ մարդու համար այցելությունն այստեղ կարող է մեծ անակնկալ լինել: Հատկապես, եթե ամբողջ կյանքդ ապրել ես ավելի «կենտրոնամետ» տարածքներում: Իր ու Երրորդ մասի հարաբերությունների մասին պատմում է այդ թաղի նոր բնակիչը:

Մի քանի ամիս է` ապրում եմ Երրորդ մասում: Մինչ այդ ամբողջ կյանքս անցկացրել եմ Ազատության պողոտայում, ասել է թե՝ Մոնումենտում: Օդը` մաքուր, տրանսպորտը` ուր ուզես, մարդիկ` չափավոր հանգիստ ու հավասարակշռված: Հիմնական բնակչությունը միջին խավի ինտիլիգենցիան էր. «գրողների շենք», «բժիշկների շենք», «ժուռնալիստների շենք»: Իհարկե, նախկին բնակությանս վայրն էլ զուրկ չէր տգիտությունից, գորշությունից ու մանր հանցավոր տարրերից: Սակայն երբ տեղափոխվեցի Երրորդ մաս, հայտնվեցի մի ինչ-որ զուգահեռ իրականությունում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Անցած դարի կեսերին մեր մայրաքաղաքում մեծ թափ էր առնում գործարանաշինությունը: Այդ ժամանակ էլ հիմնվեց Երևանի կաուչուկի քիմիական գործարանային համալիրը, որը բաժանված էր չորս մասերի: Առաջին մասում տեղակայված էին արտադրամասերը, Երրորդ մասում` բնակավայրերը: Նման մոտ տեղաբաշխումը նպատակահարմար էր գործարանում աշխատողների համար տնից աշխատանքի հասնելու համար: Եվ շատ շուտով այստեղ տներ ստացան ու բնակվեցին ոչ միայն գործարանի աշխատակիցները, այլև ամբողջ գործարանային հատվածի աշխատողները: Այս բնակելի հատվածի զարգացմանը նաև նպաստեց Երևանի տնաշինարարության կոմբինատը, որը կառուցեց առաջին խոշորապանել բնակելի տները հենց այդ միկրոշրջանում: Ինչ եղան երկրորդ և չորրորդ մասերը` չեմ կարող ասել, երևի ձուլվեցին համապատասխանաբար Առաջինին և Երրորդին:
Երբ Երրորդ մասի հին բնակիչներից ճշտում էի իրենց բնակավայրի դրական կողմերը, համարյա բոլորը միաբերան նշում էին հետեվյալ մի քանի արժանիքները` մետրոյի կայարանի առկայությունը, տրանսպորտային հագեցվածությունը դեպի տարբեր ուղղություններ և, միանշանակ, կենտրոնի համեմատ միրգ-բանջարեղենի ու մթերքի էժանությունը:

***
Երրորդ մասը կառուցվել է յուրահատուկ և շատ պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ թե՛ առանձին ծավալների և թե՛ քաղաքաշինական առումներով: Ունիվերմագի և «Հայրենիք» կինոթատրոնի փառահեղ շենքերը կարծես կանչող դարպասներ լինեն` նշանավորելով դեպի Առաջին և Երրորդ մաս տանող ճանապարհները: Բայց ժամանակին թաղամասի սպասարկման ու ժամանցի կենտրոն հանդիսացող շենքերը այժմ չեն գործում ըստ նշանակության կամ ընդհանրապես չեն գործում: Կարծում եմ, կինոթատրոնի հեղինակ ճարտարապետ Աղաբաբյանին չէր ուրախացնի այն փաստը, որ իր ամիսների աշխատանքի արգասիքը ամբողջ տարին փակ է, որպեսզի ընտրությունից ընտրություն ծառայի որպես կուսակցություններից որևէ մեկի նախընտրական շտաբ: Չէր ուրախացնի հեղինակին նաև իր նախագծած երկու շուկաների ճակատագիրը: Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի մետամորֆոզներին մենք դժբախտություն ունենք հետևելու ամեն օր: Սակայն Աղաբաբյանի հեղինակած մեկ այլ շուկայի «վերականգնման» ու «վերաիմաստավորման» նախագիծն իրականացվել է տարիներ առաջ: Շատ տեղաբնակներ այժմ էլ միմյանց ժամադրելիս կամ թեկուզ երթուղայինում կանգառը նշելիս ասում են «շուկայի մոտ», չնայած, որ շուկան այլևս չկա, փոխարենը համարյա թե գործում է «Հայրենիք» առևտրի կենտրոնը` մգացված ապակիներով ու լուսավորվող գովազդային տարատեսակ պաստառներով:
Խորհրդային շնչով ու ազգային ձեռագրով իրականացրած 3-5 հարկ ունեցող շենքերը միատեսակ ու անդեմ մեր օրերի ճարտարապետության հետ համեմատելիս ակնհայտ հաղթանակած են դուրս գալիս: Ժանյակազարդ փոքրիկ պատշգամբներով ու քիվերով տուֆակերտ այս գեղեցկուհիներն ամեն անգամ աչքի զարնելով` ինձ մոտ մի փոքր հպարտության ալիք են առաջացնում: Իսկ որքա՜ն ինքնատիպ են կոնստրուկտիվիստական չորս հարկանի, կարմիր սվաղով պատված բնակելի շենքերը: Ցավում եմ, որ անխնա ժամանակի ու առավել անխնա վերաբերմունքի պատճառով դրանք աչքի չեն ընկնում իրենց արժանիքներով:
Առաջին իսկ անգամ, երբ քայլեցի Երրորդ մասի փողոցներով, ինձ զարմացրեց դպրոցների քանակությունն ու դիրքը: Դրանք տեղակայված են համապատասխան քաղաքաշինական նորմերի, այն, ինչ ոչ միշտ կհանդիպես քաղաքի մյուս մասերում: Կախված բնակչության քանակից ու բնակավայրի չափերից ձևավորվում է դպրոցների միմյանցից հեռավորության սխեման: Այն զարմանալի ճշգրտությամբ կիրառված է Երրորդ մասում: Դպրոցների ցուցակը համալրվում է նաև երաժշտական կրթօջախներով, սպորտդպրոցով ու անգամ շախմատի դպրոցով: Սակայն վերջինիս հանդիսավոր շենքի հենց կողքին իր սարդոստայնն է գործում գիշերային կյանքի բնօրրան հանդիսացող Երրորդ մասի հայտնի սաունան:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով